8 սեպտեմբերի 2011 - 09:07 AMT
ԿԱՐԾԻՔ
Արցախն արտասահման է, որովհետև ռոումինգ կա

Ամեն անգամ Արցախ գնալիս բոլորը սկսում են հետաքրքրվել` Արցախը ռոումի՞նգ է, իսկ ինչո՞ւ։ Իսկ որքա՞ն են սակագները։ Օրինակ, եթե դու գտնվում ես Արցախում և ցանկանում ես զանգահարել Հայաստան, ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների դեպքում վճարում ես րոպեն 140 դրամ, Orange Armenia-ի դեպքում` 165 դրամ, իսկ ԱրմենՏելի դեպքում` 170 դրամ։

Տվյալ դեպքում բնավ կարևոր չէ, թե որ օպերատորն է ավելի մատչելի սակագին առաջարկում։ Խնդիրն այն է, որ ցանկացած սակագին թանկ է` հաշվի առնելով, որ նախ «Արցախից Հայաստան զանգել» արտահայտությունն արդեն իսկ անհասկանալի է, էլ չեմ ասում, թե որքան աբսուրդային է «ռոումինգ Արցախի համար» արտահայտությունը։

Փաստորեն, այն «կարծրատիպը», թե կան հայեր և ղարաբաղցիներ, առաջինը ստեղծում են հենց բջջային օպերատորները։

Դե, իհարկե, բիզնես է։ Բայց դե կարելի էր գոնե Արցախից օգուտ չքաղել։ Բոլոր այն բարեգործությունները, կորպորատիվ, սոցիալական կամ այլ «այլաբանական» պատասխանատվությունները «աչքիդ չեն երևում», երբ հետ ես վերադառնում Արցախից ու տեսնում, որ հաշիվդ ահռելի գումար է ցույց տալիս, որովհետև դու «արտասահմանում» մի քանի օր մի քանի րոպե զրուցել ես բջջայինով։

Ի վերջո, ունենք երեք օպերատոր և մոնոպոլիան կարծես անհետացել է... Թե՞ Արցախում է հիմա տարածվել։

Լուսինե Պառավյան / PanARMENIAN News