8 սեպտեմբերի 2011 - 20:45 AMT
«Տարվա ապրանքատեսակ» ազգային մրցանակաբաշխությանը Գրան Պրին ստացան «Բարի Սամարացին» և «Շող» կոմբինատը

Սեպտեմբերի 8-ին Երևանում կայացել է «Տարվա ապրանքատեսակ» հինգերորդ ազգային մրցանակաբաշխությունը: Արարողությունը կայացել է «Ժողովրդի ընտրանքը ապրանքատեսակի միակ և գերագույն գնահատականն է» խորագրի ներքո:

Մրցանակը շնորհվում է երկու անվանակարգերում` «Սննամթերք» և «Ամենօրյա պահանջարկի ապրանքատեսակներ»: Գրան Պրի մրցանակները ստացան «Բարի Սամարացի» կազմակերպությունը և «Շող» ձեթի, յուղի կոմբինատը, որոնք հաղթեցին 5 և ավելի անվանակարգերում:

Հարցմանը մասնակցել են Երևանի ավելի քան 100 մանրածախ առևտրի կենտրոններ: Վարկանիշի արդյունքները լրացուցիչ հաստատվել են փորձագիտական խորհրդի կողմից, որի մեջ մտել են մանրածախ և մեծածախ առևտրի կենտրոնների ղեկավարներ, մարկետոլոգներ:

Արարողությանը հրավիրվածների թվում էին քաղաքական գործիչներ, արվեստագետներ, հայկական և արտասահմանյան խոշորագույն ընկերությունների, առևտրի ցանցերի, պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ: