Սեպտեմբերի 8-ին Ռումինիայի ԱԳՆ-ում Ռումինիայի արտաքին գործերի փոխնախարար, պետքարտուղար Անտոն Նիկուլեսկուն և Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը ստորագրեցին Հայաստանի և Ռումինիայի կառավարությունների միջև մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին ծրագիր:
Ծրագիրը, որ բխում է 1994թ. սեպտեմբերի 20-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռումինիայի Կառավարության միջև գիտության, կրթության, մշակույթի և սպորտի բնագավառներում համագործակցության վերաբերյալ» համաձայնագրի դրույթներից, 2011-2015թթ. համար ընդգրկում է միջոցառումների լայն ցանկ:
Ծրագիրը նախատեսում է լայն համագործակցություն կրթության բնագավառում, մասնավորապես, բուհական և հետբուհական ուսուցման կրթաթոշակների փոխանակման միջոցով: Ծրագրի առանցքային կետերից մեկը փոխադարձաբար հայերեն և ռումիներեն լեզվի, գրականության, հայագիտության և ռումինագիտության ուսումնասիրությունն է Երևանի և Բուխարեստի պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում: Արդեն մի քանի տարի Երևանի Բրյուսովի անվ. Լեզվաբանական համալսարանում հաջողությամբ դասավանդվում է ռումիներեն, նախատեսվում է այս ուսումնական տարվանից Բուխարեստի համալսարանում վերսկսել հայոց լեզվի դասընթացները:
Ծրագիրը նախատեսում է նաև համագործակցության զարգացում Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի և Ռումինիայի Գիտությունների ակադեմիայի միջև գիտական համագործակցության վերաբերյալ ուղղակի համաձայնագրի հիման վրա: