8 սեպտեմբերի 2011 - 21:13 AMT
ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանում կարող է քննարկվել ղարաբաղյան հակամարտությունը

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կընդգրկվի ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանի քննարկումներում, եթե դրան որևէ լուրջ հանգամանքներ չխոչընդոտեն: Այդ մասին Ադրբեջանի «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցության պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բախար Մուրադովան:

Նրա խոսքով, անցյալ տարի այդ հարցը բարձրացվեց կազմակերպության ամառային նստաշրջանի նախաշեմին: «ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պետրոս Էֆտիմիուի` Ադրբեջան կատարած այցի ժամանակ այդ հարցն ավելի կոնկրետ ձևով էր առաջադրվել նրան: Այդ ժամանակ Էֆտիմիուն ասաց, որ ԵԱՀԿ ԽՎ նստաշրջաններից մեկում պետք է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ ղարաբաղյան հիմնախնդրի քննարկում կազմակերպվի և հնչեցվի առկա դրության մասին համանախագահների հաշվետվությունը: Կազմակերպության նախագահը նման նախաձեռնությամբ դիմել էր համանախագահներին, սակայն ամառային նստաշրջանում նման քննարկում չհաջողվեց անցկացնել: Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունների հետ հանդիպմանը Պետրոս Էֆտիմիուն նրանց հաղորդեց, որ ինքը շարունակում է աշխատել այդ հարցի շուրջ, և նման լսումներ կարող են կայանալ կառույցի աշնանային նստաշրջանում»,- ասել է Մուրադովան:

Նա հույս է հայտնել, որ կազմակերպության ղեկավարը կնպաստի այդ քննարկումների անցկացմանն ու հակամարտության արդար լուծմանը: