10 սեպտեմբերի 2011 - 10:37 AMT
WikiLeaks. Թուրքիան «մաքրել է» իր արխիվները Ցեղասպանության վերաբերյալ ապացույցներից

WikiLeaks-ի հրապարակած ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնի հեռագրերի թվում կար թուրքական Սաբանջի համալսարանի պրոֆեսոր Հալիլ Բերքթայի ուղերձը Ստամբուլի Ամերիկյան խորհրդին:

2004թ. հուլիսի 12-ի նամակում պրոֆեսորը հաղորդում է ամերիկյան պետծառայողին այն մասին, որ «զտումներ են կատարվել» Օսմանյան կայսրության ժամանակաշրջանին վերաբերող արխիվաներում՝ վերացնելով Հայոց ցեղասպանության մասին ապացույցները: «1918թ. ի վեր արխիվները «զտվել են» մի քանի անգամ: Առաջին անգամ դա տեղի ունեցավ, երբ Անտանտայի դաշնակից ուժերը գրավեցին Ստամբուլը»,-հայտարարել է թուրքական համալսարանի պրոֆեսորը:

Ըստ նրա, հաջորդ զտումը կատարվեց Օզալի կառավարման օրոք 90-ականների սկզբում: Ընդ որում, նա նշեց, որ զտումը հավանաբար կատարել է Թուրքիայի պաշտոնաթող դեսպաններից մեկը՝ Մուարեմ Նուրի Բիրգին: «Երբ նախկին դեսպանը սկսեց հետազոտել արխիվները, նա ամեն անգամ հանդիպում էր իր ընկերներից մեկի հետ, նույն վայրում, ու անընդհատ կրկնում էր «Մենք իրոք սպանել ենք նրանց»,-գրում է Բերքթայը:

Ինչպես հաղորդում է WikiLeaks-ը, նույն շրջանում արխիվներում աշխատում էր նաև պաշտոնաթող զինվորակնների մի խումբ, որոնց գործառույթն էր հետազոտել հայկական հարցը: