10 սեպտեմբերի 2011 - 17:15 AMT
Բաքուն դարձյալ փորձում է միջոց գտնել հայերին մեղադրելու ապատեղեկատվության տարածման մեջ և կրկին ձախողվում

Ինչպես և սպասվում էր, Ուրուգվայի արտգործնախարար Լուիս Ալմագրոյի հայտարարությունները Հայաստանին Արցախի միացման վերաբերյալ չէին կարող զերծ մնալ ադրբեջանական կողմի մեկնաբանություններից: Արդեն առավոտյան Ադրբեջանի ԶԼՄ-ներն ու արտաքին քաղաքական գերատեսչությունը սկսեցին Ալմագրոյի հայտարարությունների հերքման միջոցներ փնտրել` հայտնելով, որ Հայաստանը խեղաթյուրում է պաշտոնական անձանց հայտարարությունները:

Այդպես, օրինակ, Trend գործակալությունը տարածել է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունն այն առնչությամբ, որ Ուրուգվայի իշխանությունները ճանաչում են «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: Սակայն նշանակալի է, որ նյութում խոսք անգամ չկա Արցախի կարգավիճակի մասին ասվածից, իսկ Ուրուգվայի իշխանությունների ներկայացուցիչների հայտարարությունը չափազանց աղոտ է ներկայացված. «Բուենոս-Այրեսում մեր դեսպան Մամեդ Ահմեդաձեի հետ խոսակցության ժամանակ Ուրուգվայի փոխարտգործնախարար Կարրերասը հաստատել է, որ Ուրուգվայը հարգանքով է վերաբերվում միջազգային իրավունքի սկզբունքներին, սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական գործունեությունը»:

Մեկ այլ լրատվական գործակալություն` 1news.az-ը նյութ է հրապարակել` «ԱՄՆ դեսպանատունը մեկնաբանել է Ղարաբաղի անջատողականների անկախությունը ճանաչելու` Ուրուգվայի մտադրության մասին հայկական ԶԼՄ-ների տեղեկատվությունը» խորագրով: Գործակալության համաձայն, Բաքվում ԱՄՆ դեսպանատունը մեկնաբանել է հայտարարությունը, ինչն ավելի շատ նման է ընդհանուր պատասխանի, որը ոչ մի մեկնաբանություն չի պարունակում, այլ միայն հաստատում է որոշ իրողություններ, որոնք չեն կարող տեղեկատվության խեղաթյուրման մեջ հայկական ԶԼՄ-ներին մեղադրելու համար առիթ ծառայել. «Ամերիկայի Միացյալ Նահանգները գտնում են, որ Հելսինկյան ամփոփիչ ակտի սկզբունքները հիմք են ապահովում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արդար կարգավորման համար»:

Սեպտեմբերի 9-ին Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի (ԱՀԴՀ) և Ուրուգվայ-Հայաստան խորհրդարանական խմբի կողմից նախաձեռնված Հայաստան-Ուրուգվայ հարաբերություններին նվիրված համաժողովի ընթացքում Ուրուգվայի արտգործնախարար Լուիս Ալմագրոն հայտնել է, որ Արցախը Հայաստանի պատմական մասն է և պետք է լինի անկախ կամ կարճ ժամանակում միանա Հայաստանին:

Նախարարն ընդգծել է նաև, որ Ուրուգվայի իշխանություններն ուսումնասիրում են Արցախի հարցը պետականորեն տեսակետ հայտնելու համար։