Մինչև տարեվերջ կամ հաջորդ տարվա սկզբին Սիրիայում կարող են տեղի ունենալ խորհրդարանական ընտրություններ: Այդ մասին հայտնել է Սիրիայի նախագահի խորհրդական Բուսեյնա Շահաբանը, գրում է «ՌԻԱ Նովոստի« գործակալությունը:
«Երբ կձևավորվեն կուսակցությունները, այս կամ այն քաղաքական ուժերը, հնարավոր կլինի խոսել խորհրդարանական ընտրությունների մասին: Ընտրությունները կարող են կայանալ մինչև տարեվերջ կամ հաջորդ տարվա սկզբին, օրինակ փետրվարին»,-ասել է նա:
Օգոստոսի 18-ին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին հայտնել է, որ սիրիական բանակը դադարեցրել է ուժային գործողությունները հակակառավարական ցույցերի մասնակիցների դեմ: Ինչպես հայտնում է ՄԱԿ-ի պաշտոնականա ներկայացուցիչը, Ասադի հետ հեռախոսազրույցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պահանջել է, որ «բոլոր ռազմական գործողությունները անհապաղ կասեցվեն»:
Ընթացիկ տարվա մարտից, երբ Սիրիայում սկսվեցին զանգվածային հակակառավարական ցույցերը, անվտանգության ուժերի կողմից հարյուրավոր մարդիկ սպանվեցին: Բողոքների ճնշման համար կիրառվեց ծանր ռազմատեխնիկա և նույնիսկ հրետանի: