13 սեպտեմբերի 2011 - 15:51 AMT
ՀԱՊԿ կզբաղվի «իրավակարգի վերահսկմամբ» սոցիալական ցանցերում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) կզբաղվի սոցիալական ցանցերում «իրավակարգի վերահսկմամբ»՝ թույլ չտալու համար զանգվածային անկարգությունների կրկնությունը Թունիսի ու Եգիպտոսի սցենարներով, գրում է «Իզվեստիան»: Այդ մասին պատմել է աղբյուրը ՀԱՊԿ-ում՝ նշելով, որ «գրաքննության մասին խոսք չի գնում, ինչպես նաև այլակարծության դեմ պայքարի»: Ըստ նրա, այդ ուղղությամբ արդեն աշխատում են «բարձր մակարդակի փորձագետներ»:

«Բանը նրանում է, որ ժամանակակից պայմաններում գոյություն ունի ենթակառուցվածք, որը թույլ է տալիս ապակայունացնել վիճակը յուրաքանչյուր, նույնիսկ ամենաբարեկեցիկ երկրում: Այդ նպատակի համար կարող են կիրառվել բջջային ցանցը, սոցիալական ցանցերը, ՈԿԿ-ները»,- ասել է աղբյուրը ՀԱՊԿ-ում:

Անդրադառնալով կիբերանվտանգության խնդիրներին՝ նա ասել է, որ հարկավոր է հաշվի առնել նաև այսպես կոչված ստվերային ինտերնետի գործոնը, որի մասին գրում էր ամերիկյան մամուլը հունիսին:

Այն ժամանակ հայտնի դարձավ, որ ԱՄՆ պետդեպարտամենտը արդեն շուրջ 50 մլն դոլար էր ներդրել այսպես կոչված այլընտրանքային ցանցի զարգացման համար: Այն ստեղծվում է այն երկրներ ներթափանցելու համար, որտեղ ինտերնետն արգելափակում են՝ փորձելով կասեցնել զանգվածային բողոքի ցույցերը, որոնք համակարգվում են սոցիալական ցանցերի միջոցով: