13 սեպտեմբերի 2011 - 18:40 AMT
ԱՊՀ և Եվրասիայի բորսաների ղեկավարները Երևանում կքննարկեն շուկաների հնարավորությունները

2011թ. հոկտեմբերի 6-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի և Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ կանցկացվի միջազգային համաժողով «Լոկալ շուկաների գլոբալ հնարավորությունները՝ ենթակառուցվածքներ և կարգավորում» թեմայով:

Համաժողովը ուշագրավ է նրանով, որ այն ֆոնդային բորսաների եւ կենտրոնական դեպոզիտարիաների երկու տարածաշրջանային միությունների՝ Եվրասիայի Կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիայի և ԱՊՀ երկրների ֆոնդային բորսաների ասոցիացիայի, առաջին միացյալ միջազգային համաժողովն է: Այս փաստը արտացոլվել է համաժողովի թեմայում «Լոկալ շուկաների գլոբալ հնարավորությունները՝ ենթակառուցվածքներ և կարգավորում», քանի որ միայն բոլոր ենթակառուցվածքների և կարգավորողի ակտիվ համատեղ ջանքերը կարող են նպաստել տեղական և փոքր շուկաների գլոբալ հնարավորությունների իրացմանը:

Համաժողովը նախատեսում է ներգրավել ԱՊՀ երկրների և Եվրասիայի կենտրոնական դեպոզիտարիաների և ֆոնդային բորսաների ղեկավարների և բարձր պաշտոնյաների, ֆինանսական ծառայությունների ոլորտի կարգավորողների ներկայացուցիչների և բարձր մակարդակի այլ փորձագետների:

Համաժողովի ընթացքում քննարկվելու են բորսաների և դեպոզիտարիաների համագործակցության, արժեթղթերի շուկաների զարգացման և միջազգայնացման տեխնիկական, օրենսդրական և կարգավորման հարցերը, ինչպես նաև լոկալ շուկաների միջազգային շուկա մուտք գործելու հնարավորությունները: