13 սեպտեմբերի 2011 - 20:48 AMT
Բուրդ չփխելը երեխայի կյանքից առավել կարևորող «բժշկուհու» գործով դեռևս կասկածյալներ չկան

Վայքի հիվանդանոցում տեղի ունեցած ահասարսուռ դեպքի «մեղավորը» դեռևս ազատության մեջ է։ Գուցե նա մեղադրյալ չէ Ոստիկանության աչքում։ Գուցե նա անգամ կասկածյալ էլ չէ, եթե խոսենք իրավաբանական տերմիններով։ Բայց նա մեղադրյալ է նորածին երեխային կորցրած, նրա մահը տեսած ծնողների ու հարազատների համար։

Օգոստոսի 14-ին Վայքի ծննդատան բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանին զանգել և հայտնել են, որ պետք է գա հիվանդանոց, քանի որ հղի կին են բերել, և ծնունդ ընդունելու ժամանակն է: Մետաքսյան պատասխանել է, թե «բուրդ է չփխում ու կգա հիվանդանոց, երբ գործը ավարտի»` միևնույն ժամանակ հրահանգելով «ձգձգել ծնունդը»: Մի քանի ժամ անց միայն «բժշկուհին» բարեհաճել է ժամանել: Ծնունդը անցել է ծանր: Իսկ ծնունդից հետո մանկան կիսամեռ մարմինը Մետաքսյա Հովհաննիսյանը թողել է սեղանին, ասել է. «Թող մահանա, հետո կգամ կհերձեմ, տեսնեմ` ինչ է պատահել, ինչու թոք չունի»: Երեխան մահացավ Երևանում, ծնունդից 3 շաբաթ անց։

Ոստիկանությունից հայտնում են, որ քրեական գործը հարուցված է, և նախաքննությունը շարունակվում է։ Անցկացվել է նաև դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չկա։ Իսկ այս ընթացքում Մետաքսյա Հովհաննիսյանը շարունակում է աշխատել Վայքի ծննդատանը և հերքել երեխայի ծնողների կողմից իրեն ներկայացվող մեղադրանքը։