Մարզաբնակ 123 հաշմանդամներ կստանան անվասայլակներ։ Այսօր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մոտից անվասայլակներով բեռնված մեքենաներն ուղևորվել են Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Արմավիրի մարզեր։ Հիմնադրամից տեղեկացնում են, որ անվասայլակները հավաքվել են Երևանում հենց հաշմանդամների ուժերով, ինչը նրանց ապահովել է աշխատանքով։
«Սայլակները նախատեսված են հատուկ մարզերի համար։ Նման ծրագրով Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հանդես է գալու այնքան ժամանակ, քանի դեռ դրա կարիքը կա, քանի դեռ Հայաստանում անվասայլակի կարիք ունեցող մարդիկ կլինեն։ Հաշմանդամներին առնչվող ծրագրերը ոչ միայն նրանց սոցիալական խնդիրների լուծմանն են ուղղված, այլև որոշակի քաղաքականության մշակմանը, ինչն ապագայում կօգնի նրանց կյանքը բարելավել»,- նշել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը։
«Փյունիկ» միության նախագահ Հակոբ Աբրահամյանը տեղեկացրեց, որ պետությունը սայլակներ է հատկացնում 1-ին կարգի հաշմանդամներին, սակայն հանրապետությունում կան նաև 2-րդ կարգի հաշմանդամներ և ծերեր, որոնք սայլակի կարիք ունեն։ «Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանում ապրում է սայլակի կարիք ունեցող 1-ին կարգի մոտ 550 հաշմանդամ, որոնց համար պետական բյուջեի միջոցներով սայլակներ են ներկրվում։ Մեր ուսումնասիրությունները պարզել են, որ Հայաստանում տարեկան մոտ 3000 սայլակի կարիք կա»,- ասել է Հակոբ Աբրահամյանը։
Հաշմանդամներին անվասայլակներով ապահովելու ակցիան կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և հաշմանդամների «Փյունիկ» միությունը։