14 սեպտեմբերի 2011 - 16:31 AMT
Հայ Առաքելական եկեղեցին մասնակցել է «Աստուծո խոսքը հոգևոր կյանքում» էկումենիկ կոնֆերանսին

Սեպտեմբերի 7-10-ը Իտալիայի Միլան քաղաքի մոտ գտնվող Բոսսեի վանքում տեղի է ունեցել 19-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը` «Աստուծո խոսքը հոգևոր կյանքում» թեմայով: Ժողովին մասնակցել են Կաթոլիկ, Ռուս Ուղղափառ, ինչպես նաև Հայ Առաքելական Եկեղեցու ներկայցուցիչներ:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարերին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ սույն ժողովին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներկայացրել է Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանը:

Ժողովի ընթացքում հոգեշնորհ Հայր Սուրբի կողմից կոնֆերանսի մասնակիցներին ընթերցվեց Հայրապետական ուղերձը, որում մասնավորապես ասվում էր. «Մեծապես գնահատելի է, որ այս համագումարին դուք համախմբվել եք զեկուցումներ ներկայացնելու և քննարկումներ իրականացնելու հոգևոր կյանքում Աստվածաշնչի կաևորության, Ընդհանրական Սուրբ Հայրերի և եկեղեցական հեղինակների սուրբգրական աշխատությունների և Աստծո խոսքով ներշնչված վանական ու ճգնավորական մեծ փորձառության վերաբերյալ: Այսօր, երբ արդիական տեխնոլոգիաների օգնությամբ տեղեկություններն արագությամբ սփռվում են աշխարհով մեկ, մեր կյանքում նկատվում է խոսքի առատություն, սակայն այդ բյուրավոր խոսքերի մեջ անհրաժեշտ է աստվածային խոսքի գերակայությունը, որպեսզի հասարակությունները, մարդիկ ապրեն փոխըմբռնման, համերաշխության և Քրիստոսապատվեր սիրո մեջ»։

Նա հավելել է, որ ներկա ժամանակներում, երբ նաև սփռվում են զանազան կեղծ գաղափարներ` ճշմարտության շղարշով քողարկված, առավել հրատապ է դառնում անհրաժեշտությունը աշխարհում Աստծո խոսքի իմացության ու տարածման, որը պայծառակերպում է հոգիները և մնում անփոփոխ ու հավիտենական, և մեջբերել է Քրիստոսի խոսքերը. «Երկինք և երկիր անցցեն, և բանք իմ մի անցցեն» (Մատթ. ԻԴ 35):