14 սեպտեմբերի 2011 - 17:17 AMT
Հայաստանի երիտասարդական նվագախումբը համերգ կտա Բեռլինում

Սեպտեմբերի 27-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) համերգ կտա Բեռլինի “Konzerthaus” համերգասրահում: Ինչպես հայտնում է նվագախմբի մամլո ծառայությունը, համերգը նվիրվելու է ՀՀ անկախության 20-ամյա հոբելյանին:

Նվագախմբի հետ ելույթ է ունենալու նաև բարիտոն Գևորգ Հակոբյանը: Համերգին հնչելու են Է. Միրզոյանի Սիմֆոնիա տիմպանիի և լարայինների համար, Ջ. Վերդիի «Օթելլո» օպերայի Յագոյի, Ս. Ռախմանինովի «Ալեկո» օպերայի Ալեկոյի, Տ. Չուխաջյանի «Արշակ Երկրորդի» Արշակ թագավորի արիաները, Է. Հայրապետյանի «Երազ» ստեղծագործությունը և Ռոդիոն Շեդրինի «Կարմեն» սյուիտը:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հիմնադրվել է 2006 թ-ին, պետական կարգավիճակ ստացել 2008-ին: Նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է Սերգեյ Սմբատյանը: Երևանում նվագախումբը ելույթ է ունեցել այնպիսի աշխարհահռչակ երաժիշտների հետ, ինչպիսիք են` Վադիմ Ռեպինը, Նարեկ Հախնազարյանը, Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, Դենիս Մացուևը, Մաքսիմ Վենգերովը և ուրիշները: 5 տարիների ընթացքում նվագախումբը բազմիցս Հայաստանը պատվով ներկայացրել է աշխարհի տարբեր հանրաճանաչ դահլիճներում` Փարիզի “Opera Garinier”, Բեռլինի “Konzerthaus”, Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի մեծ համերգասրահում, Չայկովսկու անվան համերգասրահում (Մոսկվայի ֆիլհարմոնիա): Երաժիշտները վարպետության դաս են ստացել աշխարհահռչակ դիրիժոր Վալերի Գերգիևից: Երաժիշտների մեծամասնությունը Վլադիմիր Սպիվակովի բարեգործական հիմնադրամի կրթաթոշակառուներ են: Նվագախումբը հանդիսանում է նաև Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի կազմակերպիչը, սերտորեն համագործակցում է նաև «ՍՈՍ» մանկական բարեգործական հիմնադրամի Կոտայքի մասնաճյուղի հետ` երեխաներին հրավիրելով բոլոր համերգներին: Նվագախմբի հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: