Սեպտեմբերի 15-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Արգենտինայի Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Ալբերտո դե Ալոտոյին, որն Հայաստան է ժամանել միջգերատեսչական խորհրդատվությունների անցկացման նպատակով:
Ողջունելով հյուրին` արտգործնախարար Նալբանդյանը նշեց, որ երկու երկրների փոխհարաբերությունները դրված են ամուր հիմքերի վրա, հաճախակի են բարձր մակարդակի փոխայցելությունները, գոյություն ունի լայն իրավապայմանագրային հենք, միջազգային կազմակերպություններում արդյունավետ համագործակցություն, տնտեսական ակտիվ փոխգործակցություն: Նախարար Նալբանդյանը հավելեց, որ այսօր ստորագրվելիք վիզային ռեժիմի վերացման մասին համաձայնագիրը նոր հնարավորություններ կբացի համագործակցության համակողմանի զարգացման համար:
Ալբերտո դե Ալոտոն, ընդգծելով, որ իր երկրում ամենաջերմ և բարեկամական վերաբերմունքն են տածում Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ, ասաց, որ Արգենտինան շարունակելու է Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու քաղաքականությունը:
Զրույցի ընթացքում Էդվարդ Նալբանդյանն ու Ալբերտո դե Ալոտոն քննարկեցին քաղաքական, տնտեսական, մշակութային երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորեցին միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում առավել սերտ համագործակցությունը:
Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները, անդրադարձավ տարածաշրջանային խնդիրների նկատմամբ Հայաստանի մոտեցումներին:
Հանդիպումից հետո տեղի ունեցավ փաստաթղթերի ստորագրման արարողություն, որի ընթացքում Էդվարդ Նալբանդյանն ու Ալբերտո դե Ալոտոն ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Արգենտինյան Հանրապետության Կառավարության միջև Սովորական անձնագրերի դեպքում մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին Համաձայնագիրը», ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը և Ալբերտո դե Ալոտոն՝ «ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի և ԱՀ արտաքին գործերի, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարարության Ազգային արտաքին ծառայության ինստիտուտի միջև փոխգործակցության Համաձայնագիրը» և ՀՀ Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը և Ալբերտո դե Ալոտոն՝ «2011-2015թթ. Հայաստանի Հանրապետության և Արգենտինյան Հանրապետության միջև մշակութային համագործակցության մասին ծրագիրը»: