15 սեպտեմբերի 2011 - 15:30 AMT
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նոր բաժնետերը փոխվել է միայն դե յուրե

Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 15-ի նիստում բավարարել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի սեփականության իրավունքի՝ «Ինտերէներգո Բի. Վի.» ընկերությունից «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի. Վի.» ընկերությանը փոխանցման գործարքին համաձայնություն տալու մասին որոշումը:

Ռուսաստանյան «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունը գրությամբ դիմել է ՀՀ կառավարությանը` խնդրելով տալ համաձայնություն՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի սեփականության իրավունքը «Ինտերէներգո Բի. Վի.» ընկերությունից «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի. Վի.» ընկերությանը փոխանցելու վերաբերյալ:

Այս ընկերությունների միջև գոյություն ունի հետևյալ փոխկապվածությունը. «Ինտերէներգո Բի. Վի.» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոս սեփականատերը «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի. Վի.» ընկերությունն է, իսկ վերջինիս 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ին:

Դրա հետ կապված Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հետաքրքրվել է Հայաստանի բնական պաշարների նախարարից, թե արդյոք «Հայաստանի Էլեկտրական ցանցեր»-ի աշխատանքում փոփոխություններ կլինեն, որին նախարարը պատասխանել է, որ ոչ մի փոփոխություն չի նախատեսվում: