16 սեպտեմբերի 2011 - 09:13 AMT
Այսօր Ստամբուլում աշխարհի առաջնությունում իրենց ելույթները կմեկնարկեն ազատ ոճի ըմբիշները

Սեպտեմբերի 16-ին Ստամբուլում, որտեղ ընթանում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, կմեկնարկեն ազատ ոճի ըմբշամարտի մենամարտերը: Առաջնությանը մասնակցում են ըմբիշներ աշխարհի 104 երկրներից:

Հայաստանի հավաքականի կազմում Արայիկ Բաղդադյանի գլխավորությամբ Ստամբուլ են մեկնել 7 ազատ ոճայիններ` Միհրան Ջաբուրյանը, որը հանդես կգա 55կգ քաշային կարգում, Աշոտ Տերտերյանը` մինչև 60կգ, Դավիթ Սաֆարյանը` մինչև 66կգ:

Մուսա Մուրտազալիևը, Հաջիմուրադ Նուրմագոմեդովը, Հարություն Ենոքյանը և Ռուսլան Բասիևը հայտագրված են համապատասխանաբար մինչև 74կգ, 84կգ, 96կգ և 120կգ քաշային կարգերում:

Սեպտեմբերի 12-ից 14-ը ելույթ ունեցան հունա-հռոմեական ոճի ըմբիշները: Արսեն Ջուլֆալակյանը Հայաստանը ներկայացնող հունա-հռոմեական ոճի ըմբիշներից միակն է, որին հաջողվեց բրոնզե մեդալ նվաճել: Դրա շնորհիվ Ջուլֆալակյանը առայժմ միակ Օլիմպիական ուղեգիրն է նվաճել: Թիմային հաշվարկում Հայաստանի հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը 19 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել: Առաջին տեղում Ռուսաստանի հավաքականն է 41 միավորով:

Աշխարհի առաջնությունում Լոնդոնի 2012թ. Օլիմպիական խաղերի ուղեգրեր են խաղարկվում: 1-5-րդ տեղերը զբաղեցրած ըմբիշները Օլիմպիադային մասնակցելու իրավունք կստանան: