16 սեպտեմբերի 2011 - 14:00 AMT
Հայ-վրացական սահմանին Բագրատաշեն, Բավրա և Գոգավան ՀԱԿ-երի վերակառուցմանը ձեռնամուխ կլինեն նոյեմբերին

Հայ-վրացական սահմանին Բագրատաշեն, Բավրա և Գոգավան ՀԱԿ-երի վերակառուցմանը ձեռնամուխ կլինեն նոյեմբերին: Այդ մասին մի շարք հայկական թերթերին տված հարցազրույցում հաղորդել է Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը:

«Միջազգային մրցույթում հաղթած լատվիական ARHIS ընկերությունն արդեն ավարտում է նախագծային աշխատանքները, շինարարության գործընթացը սկսվելու է նոյեմբերին, աշխատանքների հիմնական մասը նախատեսվում է կատարել 2012-ին»,- ասել է նա:

Ծրագրի համաձայն, նախատեսվում է ընդլայնել հսկիչ-անցումային կետերի տարածքները, կառուցել հատուկ կայանատեղեր և տերմինալներ ավտոմեքենաների համար, ուժեղացնել սանիտարահիգիենիկ վերահսկողությունը համաճարակների բռնկման դեպքում, ինչպես նաև կառուցվելու են նոր չորսական ուղիներ, ինչը թույլ է տալու արագացնել սպասարկումը մի քանի անգամ` օրական ընդհուպ մինչև 600 ավտոմեքենա և 2 հազար ուղևոր: