16 սեպտեմբերի 2011 - 16:45 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Եվրոպական դիվանագետ. Ղարաբաղի հարցն ընդգրկված չէ Արևելյան գործընկերության օրակարգում

Եվրամիությունը Արևելյան գործընկերության շրջանակում չի զբաղվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով, սակայն դա չի նշանակում, որ Ղարաբաղի ներկայացուցիչներին արգելված է մասնակցել Արևելյան շարժման շրջանակում խորհրդաժողովներին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հաղորդել է Եվրոպական շարժման ղեկավար Դիեգո Պինտոն:

Եվրոպական դիվանագետը հոկտեմբերին Երևանում կայանալիք խորհրդաժողովի արդյունավետության վերաբերյալ հույս է հայտնել:

Հոկտեմբերի 20-21 Երևանում կկայանա «Արևելյան գործընկերության նախագծում քաղաքացիական հասարակության դերի ավելացումը» խորագրով կոնգրես: Կոնգրեսի բացման արարողությանը ներկա կգտնվեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԵՄ արտաքին հարցերի հանձնակատար Քեթրին Էշթոնը, որը Հայաստան է այցելելու հենց կոնգրեսին մասնակցելու նպատակով: Աշխատանքների ավարտին կընդունվի Երևանյան հռչակագիր: Խորհրդաժողովին կմասնակցեն Արևելյան գործընկերության բոլոր երկրների պատվիրակությունները, այդ թվում` Ադրբեջանի:

«Արևելյան գործընկերություն» նախագիծը, որը ստեղծվել է Եվրոպական միության կողմից, ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ ղեկավարի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008-ին ընդհանուր հարցերի և արտաքին կապերի վերաբերյալ ԵՄ խորհրդում: «Արևելյան գործընկերության» գլխավոր նպատակը 6 հետխորհրդային երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Բելառուսի մերձեցումն է ԵՄ հետ:

ՖՈՏՈՇԱՐՔ