17 սեպտեմբերի 2011 - 13:26 AMT
Ռոման Կարամզին. Դժվար է ասել, թե ով կհաղթի Մարտիրոսյան-Պիրոգ մենամարտում

Միջին քաշային կարգի ռուս բնռցքամարտիկ Ռոման Կարամզինը, որը սպարինգներ է անցկացնում WBO Europe գոտու տիտղոսակիր Գենադի Մարտիրոսյանի (Ռուսաստան) հետ, ասել է, որ վերջերս հայ բռնցքամարտիկը բարելավել է իր մարզական վիճակը: «Նրա գլխավոր առավելությունն այն է, որ այս պահի դրությամբ նա ֆիզիկապես լավ պատրաստված է: Երբ մենք ռինգում էինք, այնպիսի տպավորություն էր, որ Մարտիրոսյանը գրեթե չի հոգնում: Նման վիճակի հասնելը հեշտ չէ»,-մեջբերում է Կարամզինի խոսքերը allboxing.ru-ն:

Սեպտեմբերի 25-ին Կրասնոդարում Մարտիրոսյանը կվիճարկի WBO վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը Դմիտրի Պիրոգի (Ռուսաստանի) հետ:

Կարամզինը գտնում է, որ մենամարտը հեշտ չի լինի Մարտիրոսյանի համար, քանի որ Պիրոգը ավելի բարձրահասակ է և կաշխատի իր համար ընդունելի տարածությունից: «Գենային դժվար կլինի նրան մոտենալ, բացի այդ նա մի թերություն ունի՝ երբեմն շատ միապաղաղ է գործում ու Պիրոգին դա կարող է առավելություն տալ: Սակայն, դժվար է կանխատեսումներ անել՝ թող հաղթի ուժեղագույնը»,-ասել է նա: