18 սեպտեմբերի 2011 - 17:08 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հայաստանում խորովածի փառատոնի ամենաթեժ պահերն են

Հայաստանի հյուսիսում՝ Լոռու մարզի Ախթալա փոքրիկ քաղաքում, ընթանում է հայկական խորովածի փառատոնը: Փառատոնի շրջանակում տեղի եկեղեցում պատարագ է մատուցվել, որից հետո փառատոնը պաշտոնապես հայտարարվել է բացված:

Այցելությունների քանակով այս փառատոնը գերազանցել է անցյալ տարվա խորովածի փառատոնը: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը, կազմակերպիչները մարդկանց նման քանակ չէին սպասում. «Փառատոնի համար մեկ տոննա միս է գնվել, սակայն ակնհայտ է, որ դա փառատոնի բոլոր մասնակիցներին չի բավականացնի»:

Ավելին, կազմակերպիչները մտածում են փառատոնի մասնակցության տոմսերի վաճառքի մասին, որպեսզի բոլոր ներկաները կարողանան համտեսել խորովածը:

Փառատոնին մասնակցելու համար Ախթալա է ժամանել IBF, WBA և WBC վարկածներով աշխարհի չեմպիոն, բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը, որը բացեց խորոված պատրաստող Արմեն Ջիգարխանյանի բրոնզե արձանը՝ ըստ Էդմոն Քյոսայանի «Երբ գալիս է սեպտեմբերը» խորհրդային ֆիլմի սյուժեի, որի կարգախոսի ներքո էլ ընթանում է այս փառատոնը: Ինչպես ավելի վաղ խոստացել էին կազմակերպիչները, Արմեն Ջիգարխանյանն ինքը նույնպես պետք է մասնակցի փառատոնին:

Ախթալայում միջոցառման կապակցությամբ 20-մետրանոց մանղալ է կառուցվել, որտեղ Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, ինչպես նաև այլ երկրներից ժամանած մասնակիցները խորոված են պատրաստում իրենց ազգային խոհանոցի բաղադրատոմսերով: Այս պահին փառատոնի կազմակերպիչները պատրաստ խորովածները արդեն ներկայացրել են ժյուրիի անդամներին համտեսելու համար: Փառատոնի ժյուրիի մեջ մտել են պրոֆեսիոնալ խոհարարներ և այդ ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես, օրինակ, «Դոլմամա» ազգային խոհանոցի հայտնի ռեստորանի տնօրենը: Բացի դրանից, տոնակատարությունների վայրում Հայաստանի վաստակավոր արտիստների մասնակցությամբ համերգ է ընթանում:

Փառատոնը, ինչպես ավելի վաղ նշել էին կազմակերպիչները, ուղղված է միջազգային մակարդակով հայկական խոհանոցի ճանաչելիության բարձրացմանը, ինչպես նաև երկրի հյուսիսում՝ «Հյուսիսային դարպասներում» զբոսաշրջության զարգացմանը: Փառատոնի կազմակերպման համար պետբյուջեից մոտ 3,2 մլն դրամ է հատկացվել, սակայն իրական բյուջեն շատ ավելի մեծ է, քանի որ փառատոնի կազմակերպմանը միացել է նաև մասնավոր հատվածը:

ՖՈՏՈՇԱՐՔ