19 սեպտեմբերի 2011 - 15:28 AMT
Հրանուշ Հակոբյան. Սփյուռքը պետք է բարեգործությունից անցնի ներդրումների

Համահայկական համաժողովին, որն անցնում է Երևանում, առաջարկվել է ստեղծել Համահայկական խորհուրդ, որը կկազմակերպի խորհրդաժողովներ ու հանդիպումներ՝ գերակա խնդիրների քննարկման նպատակով:

Սփյուռքը պետք է բարեգործությունից անցնի ներդրումների, քանի որ հենց դա է հնարավորություն տալիս զարգացնելու կապերը Սփյուռքի հետ, ինչպես նաև զարգացնել երկիրը: Նման կարծիք է հայտնել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Համահայկական համաժողովի շրջանակներում: «Օգուտը կստիպի սփյուռքի ներկայացուցիչներին համախմբվել Հայաստանի շուրջ»,-ասել է նա:

Իր հերթին ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն առաջարկեց ստեղծել Համահայկական խորհուրդ, որը կկազմակերպի ՀՀ և Սփյուռքի ներկայացուցիչների հանդիպումները ՝ գերակա խնդիրների քննարկման նպատակով: Ըստ նրա, պետական երաշխիքներ են հարկավոր ընդունված որոշումների վերաբերյալ:

Հարությունյանը նաև ընդգծել է, որ ստեղծվելիք խորհրդում Արցախը պետք է ներկայանա որպես ինքնիշխան պետություն: