Սեպտեմբերի 21-ին Երևանում` Հանրապետության հրապարակում կկայանա մեծ ռազմական շքերթ` նվիրված Հայաստանի անկախության հռչակման 20-ամյակին: Ինչպես ցույց է տվել PanARMENIAN.Net-ի թղթակցի անցկացրած հարցումը, Երևանի բնակիչների մեծամասնությանն ուրախացնում է տոնական միջոցառումների անցկացումը: Նրանք խոստովանել են, որ «վաղուց քաղաքն այսքան մարդաշատ և ուրախ չէր եղել»:
Երևանցիների միակ դժգոհությունը կապված է զորահանդեսի անցկացման առնչությամբ սեպտեմբերի 17-ին և 19-ին փակ փողոցների պատճառով առաջացած խցանումների հետ: Բայց միևնույն ժամանակ հարցվածները նշել են, որ անգամ աշխարհի ամենախոշոր քաղաքներում շքերթների ժամանակ անհնար է ձեռնպահ մնալ փողոցները փակելուց:
Բնականաբար, գտնվել են մարդիկ, որոնք այնքան էլ ուրախ չեն ո'չ առաջիկա զորահանդեսի, ո'չ էլ, առհասարակ, տոնական միջոցառումների կապակցությամբ: Իրենց դիրքորոշումը նրանք հիմնավորվել են նրանով, որ «այսօրվա ծանր սոցիալական պայմաններում շքերթն ու այլ միջոցառումներն անպետք ավելորդություն են»: Բայց, ընդհանուր առմամբ, նման գաղափարի հետևորդները քիչ են:
Հայտնի են դարձել սեպտեմբերի 21-ին Անկախության 20-ամյակի կապակցությամբ Երևանում կայանալիք զորահանդեսի որոշ անակնկալներ: Առաջինը կլինի «Կռունկ» հայկական արտադրության անօդաչու սարքերի ցուցադրությունը: Բացի այդ, զորահանդեսին կմասնակցեն «Սմերչ» համազարկային ռեակտիվ համակարգեր, ինչպես նաև առանձին շարասյուներով ռուսական բանակի ու Արցախի ՊԲ զինծառայողներ: Զորահանդեսին կմասնակցեն նաև բանակում ծառայող հայ եկեղեցու սպասավորները:
Սեպտեմբերի 17-ին զորահանդեսի փորձի ժամանակ հայտնի դարձավ, որ ռազմական շքերթի ժամանակ կցուցադրվեն նաև C-300 զենիթահրթիռային համալիրները, ինչպես նաև ծանր թրթուրավոր տեխնիկան, որը հրապարակ կտեղափովի բարձր արագության անվավոր կցասարքերով: