20 սեպտեմբերի 2011 - 12:32 AMT
Հանրապետական պատգամավորը ոչ մի վատ բան չի տեսնում Երևանի զորահանդեսին ռուս զինծառայողների մասնակցության մեջ

Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Ռազմիկ Զոհրաբյանը ոչ մի վատ բան չի տեսնում Երևանի զորահանդեսին ռուս զինծառայողների մասնակցության մեջ: «Ի վերջո նրանք ապահովում են մեր անվտանգությունը»,-ասել է Ռազմիկ Զոհրաբյանը՝ մեկնաբանելով մամուլի վերջին հրապարակումները ու ակտիվ բանավեճերը սոցիալական ցանցերում:

Ըստ նրա, նա զարմացած է, որ մարդիկ նվաստացուցիչ չեն համարում, որ հայկական սահմանը պահպանում են ռուս զինվորականները, սակայն նվաստացուցիչ են համարում նրանց մասնակցությունը զորահանդեսին:

Վերջին օրերին մի շարք հայկական ԶԼՄ-ներում ու բլոգերում քննարկվում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի զինծառայողների մասնակցության հարցը Երևանում կայանալիք զորահանդեսին: Շատերը դեմ են նրանց մասնակցությանը, ոմանք նույնիսկ նվաստացուցիչ են համարում այն, որ Հայաստանի անկախության օրը Հանրապետության Հրապարակով քայլերթով կանցնեն նաև ռուսական զորամասի զինծառայողները:

Սեպտեմբերի 21-ին Երևանում կկայանա ՀՀ Անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսը, որի ժամանակ ի թիվս այլ ռազմական տեխնիկայի, կներկայացվեն նաև հայկական արտադրության «Կռունկ» անօդաչու սարքերը: Բացի այդ, շքերթին կներկայացվեն «Սմերչ» համազարկային ռեակտիվ համակարգերը, С-300 զենիթահրթիռային համալիրները: Իսկ ծանր թրթուռավոր տեխնիկան հրապարակ կհասցվի բարձր արագության անվավոր կցասարքերով: Առանձին շարասյուներով կանցնեն ռուսական բանակի և Արցախի ՊԲ զինծառայողները: