20 սեպտեմբերի 2011 - 14:38 AMT
Ռոբերտ Քոչարյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը սիրում են իրենց անկախության մեջ, այլ ոչ թե անկախությունն իրենց մեջ

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունից ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը սուր քննադատության է ենթարկել այն քաղաքական գործիչներին, որոնք հրաժարվել են մասնակցել Հայաստանի անկախության 20-ամյակի տոնակատարություններին: Նրա խոսքով, անկախությունը բացառիկ արժեք է, և ոչ ոք իրավունք չունի խռովել պետությունից կամ ժողովրդից: «Ինչպես ասում էին ժամանակին, նրանք սիրում են իրենց անկախության մեջ, այլ ոչ թե անկախությունն իրենց մեջ»,- ասել է նա:

Իր հերթին ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանն ափսոսանք է հայտնել, որ երեկ Ազգային ժողովում տեղի ունեցած ընդունելության ժամանակ չեն եղել ընդդիմադիր ուժերից նախկին գումարումների պատգամավորներ և խոսնակներ: «Ես շատ կցանկանայի, որպեսզի մենք ունենանք այնպիսի քաղաքական մշակույթ, որը կվկայեր պետության որակի և երկրի բարոյական հատկանիշների մասին»: Նա հավելել է, որ «ցավոք սրտի, Երրորդ հանրապետության 20-ամյա պատմությունը միմյանց չհանդուրժելու, չսիրելու, իրար հետ չլինելու, հակամարտությունների ու զավթումների միջավայր է եղել»: