21 սեպտեմբերի 2011 - 12:02 AMT
Գագիկ Գինոսյան. Անկախության ձեռքբերումն արդեն հաղթանակ է

«Կարին» ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը, խոսելով Հայաստանի անկախության 20-ամյակի մասին, նշել է, որ անկախության ձեռքբերումն արդեն ամենամեծ հաղթանակն է, և յուրաքանչյուր ոք դա պետք է գիտակցի: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նա ասել է, որ անկախ Հայաստանի մյուս կարևորագույն ձեռքբերումը ազգային բանակն է:

Ինչ վերաբերում է Հայաստանի բացթողումներին, ապա, Գինոսյանի կարծիքով, երկրի ամենամեծ բացթողումը այն է, որ չկա «քաղաքացու» տեսլականը: Նա գտնում է, որ Հայաստանում չեն դաստիարակում իսկական Հայաստանի քաղաքացիների, և դա ուսումնական հաստատությունների, ԶԼՄ-ների և մյուս կառույցների թերացումն է: Անկախ Հայաստանի մշակութային կյանքի վերաբերյալ Գինոսյանի կարծիքը նույնպես չի կարելի անվանել դրական, քանի որ, ըստ նրա, այն ամենից շատն է տուժում այսօր: «Այսօր թերի վերաբերմունք կա պարի նկատմամբ: Բարձր հովանու ներքո ռոք կամ դասական փառատոններ, տարբեր անհասկանալի համերգներ են կազմակերպվում, իսկ պարի նկատմամբ չկա հոգածություն»,- ասել է նա: Գինոսյանը այս ամենի լուծումը գտնում է պետության կողմից հեռուստատեսության և ռադիոյի վերահսկման և համակարգված, միացյալ աշխատանքի մեջ: