21 սեպտեմբերի 2011 - 18:17 AMT
Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել ԵԽ պատգամավորներին տոների առթիվ Երևան ժամանելու համար

Սեպտեմբերի 21-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանի անկախության քսանամյակի տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Իոնաիս Կասուլիդիսին, Անդրեյ Կովաչևին և Կոնստանտին Վիգենինին:

Եվրախորհրդարանի պատգամավորները շնորհավորեցին Հայաստանի արտգործնախարարին ՀՀ անկախության քսանամյակի կապակցությամբ՝ նշելով, որ այս տարիների ընթացքում Հայաստանի և Եվրոպայի միջև հարաբերություններն անընդմեջ զարգացում են ապրել:

Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց ԵԽ պատգամավորներին անկախության տոնակատարություններին մասնակցելու, ինչպես նաև Հայաստանի համար կարևոր հարցերի նկատմամբ մշտապես ուշադիր գտնվելու համար:

Զրուցակիցները քննարկեցին Հայաստան – Եվրոպական միություն հարաբերություններին, տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցերի լայն շրջանակ: