21 սեպտեմբերի 2011 - 18:19 AMT
Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի նախագահը մասնակցել է Անկախության 20-ամյակի զորահանդեսին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով սեպտեմբերի 21-ին Հայաստան է ժամանել Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի նախագահ Օլավ Տվեյտի գլխավորած պատվիրակությունը, որը սեպտեմբերի 21-23-ը հյուրընկալվելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:

ԵՀԽ Գլխավոր քարտուղարի պատվիրակությունը Վեհափառ Հայրապետի շքախմբի հետ մասնակցել է Հանրապետության հրապարակում կազմակերպված Հայաստանի Հանրապետության 20-ամյակին նվիրված զորահանդեսին: Այնուհետև պատվիրակությունը ներկա է գտնվել Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կատարված Հանրապետական մաղթանքին:

Հայաստանում գտնվելու օրերին ԵՀԽ Գլխավոր քարտուղարն այցելելու է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հանդիպումներ է ունենալու էկումենիկ կազմակերպությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նախատեսվում է նաև պատվիրակության այցը Գևորգյան Հոգևոր Ճեմարան, Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց և ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետ, որտեղ ԵՀԽ Գլխավոր քարտուղարը հանդես կգա դասախոսություններով: