23 սեպտեմբերի 2011 - 15:52 AMT
«Խաղաղությունը ՄԱԿ-ի առաքելությունն է». Նշվել է Խաղաղության միջազգային օրը

ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության, Հայաստանի արտաքին գործերի նախարարության և Գյումրիի «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ի հետ համատեղ խաղաղության և ժողովրդավարության վերաբերյալ կլոր սեղան քննարկում էր կազմակերպել:

Միջոցառումը կազմակերպվել էր Խաղաղության միջազգային օրվա և Աշխարհի երեխաների համար խաղաղության ու բռնություններից զերծ մշակույթի միջազգային տասնամյակի (2001 – 2011) շրջանակներում: Միջոցառման նպատակն էր Աշխարհի երեխաների համար խաղաղության ու բռնություններից զերծ մշակույթի միջազգային տասնամյակի շրջանակներում հիշեցնել խաղաղության և ժողովրդավարության մասին, ընդգծել «Խաղաղության և կոնֆլիկտների խաղաղ լուծման կրթություն դպրոցներում» ծրագրի ձեռքբերումները, որոնք իրականացվում են Գյումրիի «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ի կողմից:

ՄԱԿ-ից հայտնում են, որ Հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն ասել է. «Խաղաղությունն ու ժողովրդավարությունը ՄԱԿ-ի հիմնական արժեքներն են և վճռական դեր ունեն մարդու իրավունքների համար: Ամեն տարի խաղաղության միջազգային օրը ամբողջ աշխարհում մարդիկ խաղաղություն, երկխոսություն և համերաշխություն են քարոզում բոլոր մարդկանց և պետություններին: Խաղաղությունը ՄԱԿ-ի առաքելությունն է և այն է, ինչ փնտրում ենք ամեն օր»: Գոհար Մարկոսյանը՝ «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ի նախագահը, ներկայացրել է «Խաղաղության և կոնֆլիկտների խաղաղ լուծման կրթություն դպրոցներում» ծրագրի ձեռքբերումները. «Այս ծրագրի հիմնական նպատակը ուսուցիչների և դպրոցականների մեջ խաղաղության մշակույթի և հակամարտության բանաձևի գաղափարների ձևավորումն է: Ծրագրի իրականացման ընթացքում մենք կարողացանք հիմնել «Խաղաղության ուսուցման» կենտրոններ Շիրակի մարզի 16 դպրոցներում և Գյումրիի պետական մանկավարժական համալսարանում. ավելի քան 1000 դպրոցականներ և 150 ուսանողներ են վերապատրաստվել Խաղաղության ուսուցման ծրագրով»:

Միջոցառումը եզրափակվել է «Խաղաղությունը իմ աչքերով» ցուցահանդեսի բացումով: