24 սեպտեմբերի 2011 - 11:04 AMT
Վրաստանի դեսպանին կանչել են Հայաստանի ԱԳՆ

Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին կանչել են ՀՀ ԱԳՆ Լեռնային Ղարաբաղում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները չճանաչելու վերաբերյալ Վրաստանի ԱԳՆ հայտարարության առնչությամբ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Վրաստանի ԱԳՆ-ն պաշտոնապես հայտարարել է, թե չի ճանաչում սեպտեմբերի 18-ին Ղարաբաղում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները:

«Վրաստանի ԱԳՆ-ն միանշանակ հաստատում է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում և նրա ինքնիշխանությունը և չի ճանաչում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները»,-ասվում է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Սեպտեմբերի 18-ին Արցախում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ընտրությունները կայացել են 209 համայնքներում, քվեարկությանը մասնակցել է 54 658 ընտրողներ կամ ընտրողների 58,71 տոկոսը: