24 սեպտեմբերի 2011 - 14:28 AMT
ՀՀ ԱԳ նախարարը «դրական է» գնահատել ԱՄՆ ներգրավվածությունը ղարաբաղյան գործընթացի մեջ

Սեպտեմբերի 23-ին Հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Նյու Յորքում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը շարունակեց իր հանդիպումները:

Նախարար Նալբանդյանը հանդիպում ունեցավ Հարավային Կովկասում եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի հետ:

Զրուցակիցներն անդրադարձան սեպտեմբերի վերջին Վարշավայում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին:

Տարածաշրջանային հակամարտությունների քննարկման ենթատեքստում Էդվարդ Նալբանդյանը ողջունեց ԵՄ պատրաստակամությունը առավել աջակցելու արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հաջորդ հանդիպումը Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Ուիլյամ Բըրնսի հետ էր:

Հանդիպմանը քննարկվեցին հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Նախարար Նալբանդյանն ու փոխպետքարտուղար Բըրնսը մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրների շուրջ, անդրադարձան արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Այդ ենթատեքստում Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց ԱՄՆ դրական ներգրավվածությունը եւ գործունեությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: