24 սեպտեմբերի 2011 - 15:07 AMT
Մեդվեդևը Պուտինին առաջարկել է 2012-ին իր թեկնածությունն առաջադրել ՌԴ նախագահի պաշտոնում

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը վարչապետ Վլադիմիր Պուտինին առաջարկել է իր թեկնածությունն առաջադրել նախագահի պաշտոնում և հայտնել է, որ ինքը աշխատանքի կանցնի կառավարությունում: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին Մեդվեդևը հայտնել է «Եդինայա Ռոսիա» իշխող կուսակցության համագումարի ժամանակ: «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ, վարչապետ Վլադիմիր Պուտինը նախքան Մեդվեդևի ելույթը հայտարարել է, որ նրա հետ վաղուց է պայմանավորվել ապագայի ծրագրերի վերաբերյալ և նրան առաջարկել գլխավորել «Եդինայա Ռոսիայի» ցուցակը Պետդումայի ընտրություններում: «Հաշվի առնելով կուսակցության ընտրացուցակը գլխավորելու, կուսակցական աշխատանքով զբաղվելու առաջարկը և ընտրություններում հաջողություն ունենալու դեպքում կառավարությունում գործնական աշխատանքով զբաղվելու իմ պատրաստակամությունը` ես գտնում եմ, որ ճիշտ կլիներ, որպեսզի համագումարն օժանդակեր կուսակցության նախագահ Վլադիմիր Պուտինի թեկնածությանը երկրի նախագահի պաշտոնին»,- դրանից հետո հայտնել է Դմիտրի Մեդվեդևը: Համագումարի մասնակիցները ծափահարություններով են դիմավորել նախագահ Մեդվեդևի առաջարկը: «Այս ծափահարություններն ինձ իրավունք են տալիս չբացատրելու, թե ինչ փորձ և հեղինակություն ունի Վլադիմիր Պուտինը»,- հավելել է նախագահը: