26 սեպտեմբերի 2011 - 11:28 AMT
Մահմուդ Աբբասը Բենիամին Նեթանյահուին համարում է Իսրայելի «ամենաբարդ» վարչապետը

Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը Բենիամին Նեթանյահուին անվանել է Իսրայելի «ամենաբարդ» վարչապետ, գրում է Jerusalem Post-ը:

Նեթանյահուի հետ ավելի բարդ է բանակցել, քան նրա նախորդների` Իցհակ Ռաբինի, Շիմոն Պերեսի, Արիել Շարոնի, Էհուդ Օլմերթի, ինչպես նաև կառավարության ղեկավարի նախկին տեղակալ Ցիպի Լիվնիի հետ, ասել է Աբբասը Asharq Alawsat թերթին տված հարցազրույցում:

Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին հանձնեց Պաղեստինի անկախությունը 1967թ. սահմաններում ճանաչելու հայտը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Պաղեստինի հայտը կքննարկի սեպտեմբերի 26-ին:

Աբբասը համոզմունք է հայտնել, որ հայտի դիտարկման համար կպահանջվի մի քանի շաբաթից ոչ ավել: Սակայն բանաձևի վրա կարող է վետո դնել ԱՄՆ-ն, որը նախօրոք արդեն խոստացել էր անել դա` իր մտադրությունը հիմնավորելով Իսրայելի շահերի պաշտպանությամբ: