«Կրկին անգամ Հայ-թուրքական արձանագրությունների ընդգրկումը Թուրքիայի խորհրդարանի օրակարգում թուրքական վերնախավի էժանագին հնարքն է»,-մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ ընդգծելով, որ դա իր անձնական կարծիքն է: Ըստ նրա, համաշխարհային հանրությունն ակնկալում է, որ Թուրքիան կվավերացնի այդ արձանագրությունները և կկատարի ստանձնած պարտավորությունները: Շարմազանովը հայտարարել է, որ քանի դեռ Թուրքիան դա չի արել, առաջընթաց գործընթացում չի լինի և Հայաստանը ոչ մի քայլ չի ձեռնարկի վավերացման ուղղությամբ:
Շարմազանովը, մեկնաբանելով այն, որ Էրդողանը հեռացել է ՄԱԿ-ի նիստերի դահլիճից Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ԳՎ 66-րդ նստաշրջանում ելույթի ժամանակ, հայտարարել է, որ դա վկայում է Էրդողանի ու թուրքական վերնախավի մոտ հայկական բարդույթի առկայության մասին:
Թուրքիայի նախարարների խորհուրդը վերադարձրել է խորհրդարանի օրակարգ Հայ-թուրքական արձանագրությունները, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները: Թուրքիայի խորհրդարանի կանոնադրության համաձայն, չհաստատված օրինագծերը անվավեր են ճանաչվում, ուստի Հայ-թուրքական արձանագրությունները առգրավվել էին նոր գումարման խորհրդարանի օրակարգից: Սակայն, օրենսդրության մեջ կա նաև կետ, որի համաձայն կառավարությունը կամ պատգամավորը կարող են վերադարձնել փաստաթղթերն օրակարգ:
Օգոստոսի վերջում Թուրքիայի Մեծ ազգային ժողովը օրակարգից հանեց 898 օրինագիծ, այդ թվում նաև Հայ-թուրքական արձանագրությունները, որ ստորագրվել են 2009թ.: Արձանագրությունները հետ կանչելու գլխավոր պատճառն այն էր, որ հայ-թուրքական սահմանի բացումը խորհրդարանը համարեց Թուրքիայի արտաքին քաղաքականության համար գերակայությունը կորցրած հարց: Բացի այդ, ըստ խորհրդարանի կանոնակարգի, կիսամյակի ընթացքում չընդունված հարցը կորցնում է իր իրավաբանական ուժը: