Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում սեպտեմբերի 24-ին ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը մասնակցությամբ Ալմելոյի «Գալուստ Գյուլբենկյան» սրահում տեղի է ունեցել տոնական միջոցառում:
Իր ելույթում դեսպան Աղաջանյանն անդրադարձել է անկախության 20 տարիների ընթացքում Հայաստանի ձեռքբերումներին, տնտեսական և քաղաքական այն դժվարություններին, որոնք կարողացել է հաղթահարել նորաստեղծ հանրապետությունը` դառնալով միջազգային հանրության լիիրավ անդամ և հուսալի գործընկեր: Դեսպանը կարևորել է հայ ժողովրդի միասնականությունն ու վճռականությունն պետության կայացման և շարունակական զարգացման գործում:
Երեկոյի ընթացքում հայկական ազգային երգերի կատարմամբ հանդես է եկել Ալմելոյի «Գեղարդ» երգչախումբը:
Սեպտեմբերի 25-ին Հաագայի «Աբովյան» մշակութային միությունը կազմակերպել էր հանդիսավոր ցերեկույթ` նվիրված ՀՀ անկախության 20 ամյակին: Ներկաների առջև ելույթ է ունեցել դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, որից հետո պատասխանել է ՀՀ արտաքին քաղաքականության, տնտեսության, ներքաղաքական զարգացումների, ինչպես նաև Հայաստանում տուրիզմի զարգացման վերաբերյալ բազմաթիվ հարցերի:
Միջոցառմանը հայկական դասական երգերի կատարմամբ հանդես է եկել հայտնի երգչուհի Սվետլանա Աղաջանյանը: