27 սեպտեմբերի 2011 - 12:46 AMT
Արգենտինայում Հայաստանի անկախության տարեդարձի պատվին դիվանագետները թենիս են խաղացել

Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ եւ Արգենտինայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ակտիվ մասնակցությամբ սեպտեմբերի 25-ին Բուենոս Այրեսում անցկացվեց թենիսի միջազգային մրցաշար, որին մասնակցեցին ավելի քան տասը երկրների դեսպաններ եւ դիվանագետներ, ինչպես նաեւ արգենտինահայ համայնքի ներկայացուցիչներ:

ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանն իր բացման խոսքում շնորհակալություն հայտնեց դիվանագիտական կորպուսի անդամներին` Հայաստանի անկախության տոնին մասնակցելու համար եւ հաջողություն մաղթեց նրանց:

Մրցանակային երկու գավաթներից մեկը բաժին հասավ Ջոն Հովարդ Ռիչարդսոն (Ավստրալիայի դեսպան) եւ Պավել Սիպկա (Սլովակիայի դեսպան) զույգին, մյուսը` Հայաստանը ներկայացնող արգենտինահայ հայր եւ որդի Խուան եւ Սիմոն Ջռնազյաններին: