27 սեպտեմբերի 2011 - 14:35 AMT
Հնդկաստանի պաշտպանության նախարարն անձամբ շնորհավորել է տեղական հայ համայնքին ՀՀ անկախության տոնի առթիվ

Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ Հնդկաստանում ՀՀ դեսպանությունը Նյու Դելիի «ԱյԹիՍի Մաորիա» հյուրանոցում կազմակերպել էր ընդունելություն:

Միջոցառմանը ներկա էին Հնդկաստանի պաշտպանության պետնախարար Պալլամ Ռաջուն, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, Հնդկաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, հասարակական, մշակութային կազմակերպությունների և գործարար շրջանակների ներկայացուցիչներ, Հնդկաստանի հայերի հոգևոր հովիվ Հայր Խորեն Հովհաննիսյանը, Կալկաթայի Հայոց Սուրբ Նազարեթ Մայր եկեղեցու խորհրդի ավագ անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Իրենց ելույթներում Հնդկաստանում ՀՀ դեսպան Արա Հակոբյանը և Հնդկաստանի պաշտպանության պետնախարար Պալլամ Ռաջուն անդրադարձան անկախության տարիներին Հայաստանի հաղթանակներին և ձեռքբերումներին, տարածաշրջանային մարտահրավերներին, հայ-հնդկական բարեկամական հարաբերություններին և տարաբնույթ համագործակցության հետագա զարգացման հնարավորություններին, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը: