2011թ. սեպտեմբերի 29-ին «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈւՎԿ-ի գրասենյակում տեղի կունենա «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ»-ի և Ջինիշյան հիշատակի հիմնադրամի միջև գյուղացիական տնտեսություններին ցածր տոկոսադրույքով վարկերի տրամադրման ծրագրերի իրականացման նպատակով փոխըմբռնման հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողություն, ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ:
Նշված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում, որպես առաջին նախաձեռնություն, իրականացվելու է «Համագործակցություն գյուղացիական կոոպերատիվներին ֆինանսական ծառայություններ տրամադրելու նպատակով» ծրագիրը, որի նպատակն է ցածր տոկոսադրուքով միկրո-ֆինանսական վարկերի տրամադրման միջոցով խրախուսել գյուղացիական տնտեսությունների կոոպերացիան:
Այս ծրագրին իր աջակցությունն է տրամադրել Բաց հասարակության ինստիտուտի Օժանդակության հիմնադրամ Հայաստանի մասնաճյուղը, որի շնորհիվ հնարավոր դարձավ Արմավիրի, Արարատի, Վայոց Ձորի և Արագածոտնի մարզերում ավելի քան քսան գյուղատնտեսական սպառողական կոոպերատիվների անդամ մոտ վեց հարյուր գյուացիական տնտեսություններին տրամադրել 11% տոկոսադրույքով միկրո-ֆինանսական վարկեր, որից 2%-ը ուղղվելու է այդ համայնքներում Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության միջոցով համայնքային զարգացման ծրագրերի իրականացմանը:
Հանդիսավոր արարողությանը հրավիրված են ՀՀ Ազգային ժողովի Գյուղատնտեսության և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ պատգամավորներ, ՀՀ կառավարության և Գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչներ, ՀՀ Կենտրոնական բանկի բարձրաստիճան աշխատակիցներ, ՀՀ Հանրային խորհրդի անդամներ և գյուղատնտեսական կոոպերատիվների ներկայացուցիչներ: