28 սեպտեմբերի 2011 - 14:23 AMT
Հաշմանդամություն ունեցող հայ ծանրորդները կմասնակցեն Դուբայի աշխարհի առաջնությանը

Հայաստանի Պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը հայտնել է, որ մինչ 2012թ. հունիսը մարզիկները կմասնակցեն որակավորման մրցաշարերի:

«Հայաստանի հավաքականը կստանա երկու «սպիտակ քարտ» Լոնդոնի Պարալիմպիկ խաղերին մասնակցելու համար: Հավանաբար, Լոնդոն կմեկնեն ծանրորդներ Սամվել Ասատրյանն ու Գրետա Վարդանյանը: Նրանք հոկտեմբերին Դուբայում կմասկանցեն աշխարհի առաջնությանը, այժմ նրանք ինտենսիվ մարզվում են և լավ մարզավիճակում են: Հուսով ենք, որ նրանք կկարողանան նվաճել 2012թ. խաղերի ուղեգրեր»,-ասել է Պարալիմպիկ կոմիտեի նախագահը:

Ըստ նրա, Հայաստանի կառավարությունը պատշաճ ուշադրություն չի դարձնում պարալիմպիկ մարզաձևերին: «Օլիմպիական մարզաձևերը պետբյուջեից ստացել են 4,2 մլրդ դրամ, իսկ մեզ հատկացրել են ընդամենը 9 մլն: Հայաստանում կան շատ ուժեղ մարզիկներ, ֆինանսավորման դեպքում նրանք կկարողանան բարձր արդյունքների հասնել հատկապես լեռնադահուկային ու առագաստանավային մարզաձևերում, ծանրամարտում ու սեղանի թենիսում»,-ասել է Աբրահամյանը: