28 սեպտեմբերի 2011 - 14:26 AMT
Սեզարիա Էվորայի երևանյան համերգի տոմսերը կարելի է վերադարձնել միայն Սաֆինայի համերգից հետո

Սեզարիա Էվորայի երևանյան չկայացած համերգի տոմսերը հնարավոր է վերադարձնել միայն Ալեսանդրո Սաֆինայի համերգից հետո` սեպտեմբերի 30-ին, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Երևանյան հեռանկարներ» փառատոնի մենեջեր Սոնա Հովհաննիսյանը: Նա երևույթը պարզաբանեց նրանով, որ այս օրերին դրամարկղերի մոտ մեծ հերթեր են գոյացել Սաֆինայի համերգի տոմսեր ձեռք բերելու կամ Էվորայի տոմսերը երգչի տոմսերի հետ փոխանակելու համար: Այդ իսկ պատճառով տոմսերը ետ վերադարձնել ցանկացողները միայն համերգից հետո կարող են ետ վերադարձնել դրանք:

Սեպտեմբերի 29-ին Երևանում պետք է ելույթ ունենար հռչակավոր երգչուհի Սեզարիա Էվորան: Վերջերս իր հյուրախաղերի շրջանակներում Էվորան ժամանել էր Փարիզ, սակայն նրա առողջական վիճակն այնքան էր վատացել, որ նա որոշել է չեղյալ հայտարարել բոլոր համերգներն ու հրաժեշտ տալ բեմին: Էվորայի փոխարեն Երևանում ելույթ է ունենալու իտալացի տենոր Ալեսանդրո Սաֆինան: Համերգը կազմակերպել է «Chronograph» ժամացույցների և ոսկերչական իրերի խանութ-սրահը, իր լավագույն հաճածորդների համար և միայն փոքր քանակությամբ տոմսեր են վաճառքի հանվել հասարակության համար: