28 սեպտեմբերի 2011 - 16:14 AMT
Սեյրան Օհանյանը և ՊՆ առընթեր հասարակական խորհրդի անդամները քննարկել են բանակում առկա խնդիրները

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 28-ին ընդունել է պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի անդամներին: Հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը պաշտպանության նախարարին է ներկայացրել խորհրդի կողմից իրականացվող աշխատանքները, ինչպես նաև զինված ուժերում կարգապահության ամրապնդման և արտակարգ միջադեպերի կանխարգելման վերաբերյալ մի շարք առաջարկություններ:

Կարևորելով հասարակական խորհրդի առաքելությունը` Սեյրան Օհանյանը նշել է, որ խորհուրդն իր ակտիվ գործունեությամբ պետք է բանակի և հասարակության միջև ձևավորի երկխոսության ու քննարկումների մթնոլորտ` նպաստելով ինչպես բանակում առկա խնդիրների վերհանմանը և լուծմանը, այնպես էլ հասարակությունից դեպի բանակ առողջ գաղափարների ու առաջարկությունների ներթափանցմանը, հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը: