28 սեպտեմբերի 2011 - 18:40 AMT
Բակո Սահակյանը ստացել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի պատվո շքանշան

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարան և մասնակցել բուհի գիտական խորհրդի ընդլայնված նիստին՝ նվիրված ԼՂՀ հռչակման 20-ամյակին:

Նախագահականից հայտնում են, որ համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը Նախագահ Սահակյանին է հանձնել Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի պատվո շքանշանը և պատվավոր դոկտորի վկայականը: Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել նման գնահատանքի համար:

Իր խոսքում Նախագահն անդրադարձել է մեր երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը, ներհայկական փոխգործակցությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին և հեռանկարներին: Երկրի ղեկավարը կարևորել է նաև Արցախի բուհերի և Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի միջև կապերի խորացման ու ընդլայնման անհրաժեշտությունը:

Հանդիպման վերջում Բակո Սահակյանը պատասխանել է համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության կողմից բարձրացված հարցերին: