28 սեպտեմբերի 2011 - 19:16 AMT
Ֆյոդոր Լուկյանով. Ղարաբաղյան գործընթացի վերաբերյալ բոլոր հայտարարությունները պիրուետներ են նույն տեղում

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ բոլոր հայտարարությունները պիրուետներ են նույն տեղում, հակամարտության կողմերի հասարակությունների գիտակցության մեջ դրա լուծմանը պատրաստականություն չկա: Հեռուստակամրջի ժամանակ նման կարծիք է հայտնել ռուս լրագրող-միջազգայնագետ, քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը` «Ռեգիոն» Հետազոտական կենտրոնի (Հայաստան) և Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի (Ադրբեջան) նախագծի շրջանակում պատասխանելով Հայաստանից և Ադրբեջանից լրագրողների հարցերին:

«Ստատուս-քվոն ավելի լավ է, քան դրա պոտենցիալ փոփոխությունը, որը հղի է վտանգներով: Դժվար է դատել իդեալական մոդելների մասին, բայց իրականում դրանք այսօր չկան»,- գտնում է ռուս փորձագետը:

Անդրադառնալով Կազանում հակամարտության կողմերի միջև բանակցությունների և Դմիտրի Մեդվեդևի փորձերի ձախողման մասին` Լուկյանովը նկատել է, որ Կազանում այսօրվա համար ոչ մի որոշում չի ընդունվել, ուստիև այն չարժե ձախողում համարել:

ՌԴ նախագահի նախաձեռնությամբ հունիսի 24-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների՝ Կազանում կայացած գագաթաժողովն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: Ինչպես հայտնել է Հայաստանի ԱԳ նախարարը, կողմերին չի հաջողվել համաձայնության գալ, որովհետև Ադրբեջանի նախագահը վերջին պահին 10 նոր փոփոխություն է ներկայացրել: Կազանյան հանդիպման ձախողումից հետո Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Երևանին ու Բաքվին ղարաբաղյան գործընթացի վերաբերյալ իր առաջարկներն ուղղեց, որոնք փոխանցեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Հայաստանն ու Ադրբեջանն արդեն ուղղել են իրենց պաշտոնական պատասխանները Մեդվեդևի առաջարկներին: