29 սեպտեմբերի 2011 - 19:13 AMT
Հայ անվանի երաժիշտների համերգով Ռումինայում տոնեցին ՀՀ անկախության 20-ամյա հոբելյանը

Սեպտեմբերի 28-ին Բուխարեստի հռչակավոր Աթենեուլ Ռոման ֆիլհարմոնիկ սրահում տեղի ունեցավ մեծ համերգ` նվիրված Հայաստանի անկախության և հայ-ռումինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի տոներին: Լեփլեցուն դահլիճում ելույթ ունեցան օպերային երգիչ ԲարսեղԹումանյանը, Գերմանիայում բնակվող երիտասարդ դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանը, ինչպես նաև ռումինահայ հռչակավոր ջազային դաշնակահար Հարրի Դավիդյանը:

Հայաստանի Ազգային տոնին նվիրված երեկոյին ներկա էին Ռումինիայի գործադիր և օրենսդիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, դեսպաններ, քաղաքական և հասարակական գործիչներ:

Երեկոյին Բարսեղ Թումանյանի կատարմամբ հնչեցին եվրոպացի ևռուս կոմպոզիտորների հանրահայտ օպերային արիաներ, ինչպես նաև Կոմիտասի «Հայաստանը» և Տիգրան Չուխաջյանի «Արշակի արիան»: Երիտասարդ դաշնակարուհի Լուսինե Խաչատրյանը կատարեց Առնո Բաբաջանյանի «Վաղարշապատի պարը», «Դաշնամուրային պատկերները» և Էդվարդ Միրզոյանի «Պոեմը»: Հայկական ավանդական և հոգևոր երաժշտության թեմաների վարպետ մեկնաբանություններով երեկոն փակեց հռչակավոր ռումինահայ ջազային դաշնակահար Հարրի Դավիդյանը:

Տոնի առթիվ ՀՀ դեսպանի անունով ստացվել են շնորհավորական ուղերձներ Ռումինիայի Խորհրդարանի ղեկավարության, նախարարների, պետական, քաղաքական և հասարակական գործիչների, տեղական իշխանությունների ղեկավարների և անհատների անունից: