Եվրոպական միությանը հաջողվել է տարաբնույթ համագործակցություն հաստատել «Արևելյան գործընկերության» կողմերի հետ վերջին երկու տարիների ընթացքում` սկսած 2009-ին Պրահայում Գործընկերության անդամ-երկրների գագաթնաժողովից: Այդ մասին հայտարարել է ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով ԵՄ գլխավոր հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն` ելույթ ունենալով «Արևելյան գործընկերության» Վարշավայի գագաթնաժողովի շրջանակներում:
Ֆյուլեի խոսքով, ԵՄ-ն հնարավոր քայլեր է ձեռնարկում արևելյան գործընկերների հետ հարաբերություններն ամրապնդելու համար: Այսպես, ԵՄ-ն «խթանում և աջակցում է փոքր ձեռնարկատերերի գործունեությանը, որոնք ուղղված են նրանց համար առավելագույն շահույթ ստանալուն»:
Ֆյուլեի խոսքով, կարևոր հարցերի շարքում է Գործընկերության երկրներում ազատ առևտրի գոտիների ստեղծումը: Միաժամանակ, Ֆյուլեն չի հիշատակել Հարավային Կովկասի երկրները` այդ շարքում նշելով Ուկրաինան:
Նրա խոսքով, երկրորդ կարևոր հարցը մուտքի արտոնագրի ռեժիմի դյուրացումն է. «Մենք արդեն հասել ենք որոշակի պայմանավորվածությունների Վրաստանի հետ, և հուսով ենք հաջողության հասնել Հայաստանի և Ադրբեջանի հետ բանակցություններում»: