30 սեպտեմբերի 2011 - 16:40 AMT
Երևանում «Հայաստանը` ձեր գործընկեր» ցուցահանդեսում ներկայացված են տարածաշրջանի գրեթե բոլոր երկրները

Սեպտեմբերի 30-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում բացվել է «Հայաստանը` ձեր գործընկեր 2011» (Armenia – Business Partner) խորագրով միջազգային տնտեսական ցուցահանդեսը, որը տևելու է մինչ հոկտեմբերի 2-ը: Ցուցահանդեսին մասնակցում են առողջապահության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, ապահովագորության, արդյունաբերության, ինովացիոն և տեղեկատվական տեխնոլոգիաների, շինարարության, սննդաարդյունաբերության ոլորտներում գործող հայրենական և արտասահմանյան շուրջ 200 կազմակերպություններ` ներկայացնելով ավելի քան 500 ապրանքատեսակ: Ցուցահանդեսում ներկայացված են տարածաշրջանի գրեթե բոլոր երկրները` Վրաստանը, Իրանը, Թուրքիան, ինչպես նաև Կանադան և ԱՄԷ:

«Այսօրվա ցուցահանդեսի միջոցով կարող ենք ամփոփել մեր պետության 20 տարիների ընթացքում անցած ճանապարհը` տնտեսական առումով, բացահայտել այդ համակարգի ուժեղ և թույլ կողմերը, շեշտադրում անելով մեր ներքին կարողությունների բացահայտման և դրանց օգտագործման վրա»,- հայտնել է վարչապետը:

Ցուցահանդեսին մասնակցում են «Պռոշյանի կոնյակի գործարանը», «Նատալի Ֆառմը», «Ինգո Արմենիան», «Նաիրի Ինշուրանսը», «Տալգրիգը», «Վալան Պռոֆը»: Արտասահմանյան ձեռնարկություններից մասնակցում են գերմանական «Ֆեյբեր Կաստել», իտալական «Ռենկո», ամերիկյան «Հարդ Լայթս», իրանական «Զար-Սաբ» և «ՊարսՇահաբ», ինչպես նաև վրացական «Ռակիա Ջորջիա», «Բոլնիս Ագրո» ընկերությունները:

Միջոցառումն իրականացվել է Հայաստանի կառավարության, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի առևտրա-արդյունաբերական պալատի, Զարգացման հայկական գործակալության, էկոնոմիկայի, տրանսպորտի և կապի, առողջապահության նախարարությունների և Հայաստանի այլ պետական մարմինների աջակցությամբ: