30 սեպտեմբերի 2011 - 17:10 AMT
Հոկտեմբերին Երևանում կկայանա թենիսի 2 միջազգային առաջնություն` $35 հազ. ընդհանուր մրցանակային ֆոնդով

Հոկտեմբերի 3-9 առաջին անգամ Հայաստանում տեղի կունենա ավելի քան 9 մլն դրամ մրցանակային ֆոնդով (25 000 ԱՄՆ դոլար) Futures դասի կանանց թենիսի մրցաշար, որն անցկացնում է Հայաստանի Թենիսի Ֆեդերացիան` Վիվա-Սել ՄՏՍ-ի հովանավորությամբ:

Մրցաշարին մասնակցելու հայտ են ներկայացրել ավելի քան 200 թենիսիստուհիներ, այդ թվում նաև աշխարհի 130-րդ համար հանդիսացող Լեսյա Ցուրենկոն (Ուկրաինա), 176-րդ համար Մարգարիտա Չախնաշվիլին (Վրաստան) և այլ թենիսիստուհիներ, PanARMENIAN.Net-ին հաղորդել են Հայաստանի Թենիսի ֆեդերացիայի մամլո ծառայությունից:

Հոկտեմբերի 1-2 տեղի կունենան մրցաշարի նախընտրական խաղերը, իսկ հոկտեմբերի 3-ից կմեկնարկեն հիմնական խաղերը: Խաղերը ընթանալու են ամեն օր «Orange Tennis» ակումբում առավոտյան ժամը 10-ից:

Մրցաշարին անմիջապես կհաջորդի հոկտեմբերի 10-16-ը «Play City Cup»-ը 10 000 ԱՄՆ դոլար մրցանակային ֆոնդով: Մրցաշարերը դատելու են Միջազգային Թենիսի Ֆեդերացիայի մրցավարներ:

Այս տարի Երևանում արդեն իսկ անցկացվել են միջազգային յոթ պատանեկան, երկու Futures դասի տղամարդկանց մրցաշարեր: