30 սեպտեմբերի 2011 - 17:30 AMT
Պուսանի կինոփառատոնում կայանալու է Միքայել Վաթինյանի «Ժաննան և ձայները» ֆիլմի պրեմիերան

Միքայել Վաթինյանի «Ժաննան և ձայները» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայանալու է հոկտեմբերին` Պուսանի միջազգային կինոփառատոնում (Հարավային Կորեա): Այդ մասին հայտնում է «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի մամլո ծառայությունը, որն էլ ֆիլմի ստեղծման աջակիցներից է:

Ռեժիսոր Միքայել Վաթինյանի և պրոդյուսեր Արմինե Անդայի «Ժաննան և ձայները» լիամետրաժ գեղարվեստական կինոնախագիծը դեռ 2007 թվականին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Ռեժիսորներ առանց սահմանների» կինոֆորումի մասնակից էր: Այդտեղից էլ այն բոլոր ռեգիոնալ նախագծերից ընտրվեց մասնակցելու և ներկայացվելու Պուսանի միջազգային կինոփառատոնի համատեղ արտադրության կինոպլատֆորմին: