30 սեպտեմբերի 2011 - 19:04 AMT
Քեթրին Էշթոն. Ղարաբաղյան կարգավորման միակ ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 30-ին Վարշավայում հանդիպում է ունեցել Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի հետ: Քննարկվել է Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է եղել Ասոցացման համաձայնագրի բանակցությունների ընթացքին: Քեթրին Էշթոնը նշել է, որ Եվրամիությունը համակողմանիորեն աջակցելու է Հայաստանում հաջողությամբ իրականացվող բարեփոխումներին: Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային խնդիրներ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը: Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատարն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, և ԵՄ-ն աջակցում է Մինսկի խմբի շրջանակներում իրականացվող կարգավորման գործընթացին: Ավարտելով աշխատանքային այցը Լեհաստան՝ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր կվերադառնա Երևան, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: