Վարշավայում «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի լիագումար նիստի ավարտին ընդունված ամփոփիչ քոմյունիքեում կողմերը հաստատել են հավատարմությունը եվրոպական արժեքների հանդեպ և դրանք որպես առաջնային սահմանել գործընկերության երկրների ժողովրդական քաղաքականություններում:
Եվրամիությունն իր կողմից նշել է մասնակից երկրներին համապատասխան օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը:
Քոմյունիքեի համաձայն, գործընկերության երկրների հետ համագործակցության հիմնական ուղղություններն են տեղաշարժման ազատության ապահովումը, այդ թվում` արտոնագրի ռեժիմի պարզեցումը և ազատ առևտրի գոտիների ստեղծումը:
Այս համատեքստում քոմյունիքեում նշվում է, որ ԵՄ-ը սկսում է Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդավիայի հետ արտոնագրի ռեժիմի պարզեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը և այս հարցի շուրջ խորացված բանակցություններ սկսում Հայաստանի և Ադրբեջանի հետ:
Ամփոփիչ փաստաթղթի կարևոր կետ է նաև հակամարտությունների խաղաղ կարգավորման մասին հայտարարությունը, որի համաձայն, եվրոպական հանրությունը գործընկերության երկրներին կոչ է անում առկա հակամարտությունների շուտափույթ լուծմանը ձգտել, ընդ որում` համաձայնությունների ձեռքբերման ճանապարհով:
«Արևելյան գործընկերություն» նախագիծը, որը ստեղծվել է Եվրոպական միության կողմից, ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ ղեկավարի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008-ին ընդհանուր հարցերի և արտաքին կապերի վերաբերյալ ԵՄ խորհրդում: «Արևելյան գործընկերության» գլխավոր նպատակը 6 հետխորհրդային երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Բելառուսի մերձեցումն է ԵՄ հետ: