1 հոկտեմբերի 2011 - 09:19 AMT
ԿԱՐԾԻՔ
Վերադարձ հայկական ձևով. Կկարողանա՞ արդյոք Քոչարյանը գնալ իր ընկեր Պուտինի ճանապարհով

Վերջին օրերին Հայաստանում ամենաքննարկվող թեմաներից մեկն է դարձել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձը մեծ քաղաքականություն: Այդ խոսակցություններին նոր խթան հաղորդեցին վերջին իրադարձությունները Ռուսաստանում, որտեղ սեպտեմբերի 24-ին «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարում վերջնականապես պարզություն մտցվեց իշխող տանդեմի ապագայի և իշխանության կուսակցության թեկնածուի հարցում առաջիկա ընտրություններում: Արդեն կարելի է վստահաբար ասել, որ հաջորդ տարվանից Պուտինը կստանձնի Ռուսաստանի միանձնյա կառավարումը որպես պետության ղեկավար, առանց վարչապետության տարիների որոշ պայմանականությունների, և միայն ամենապարզամիտները կարող են մտածել, թե ապագա նախագահական ընտրությունները կարող են այլ ելք ունենալ, քան Պուտինի հաղթանակը:

Այդ իրադարձությունների ֆոնի վրա Հայաստանում խոսակցություններ սկսվեցին այն մասին, թե Ռոբերտ Քոչարյանը կփորձի կրկնել իր ընկեր Վլադիմիր Պուտինի սցենարն ու վերադառնալ նախագահի պաշտոնին: Իր վերջին հարցազրույցում Քոչարյանն արդեն իսկ հայտարարել է, որ մեծ քաղաքականություն վերադառնալու համար երեք պայման է հարկավոր՝ Հայաստանի տնտեսության ու մարդկանց բարեկեցության պայմաններում ակնհայտ ու կայուն բարելավման բացակայություն, որի արդյունքում կարող են աճել հուսալքության ու արտագաղթի տրամադրությունները, երկրորդը՝ մեծ քաղաքականություն իր վերադարձի պահանջարկը հանրության տարբեր սոցիալական շերտերի շրջանում, և վերջապես՝ նրա ներքին համոզվածությունը, որ ինքը կարող է արմատապես բարելավել իրավիճակը: «Այս երեք գործոնների առկայության դեպքում ակտիվ քաղաքականություն վերադառնալու ուղիները կարող են տարբեր լինել»,-հավելել է նա: Ելնելով դրանից՝ կարելի է ասել, որ Քոչարյանի վերադարձի համար անհարժեշտ առաջին պայմանն առկա է, իսկ եթե Քոչարյանը ցանկանա վերադառնալ, շատ արագ իրողություն կդառնա նաև երկրորդ պայմանը:

Սակայն, հարկ է նշել, որ մեծ քաղաքականություն վերադառնալը Քոչարյանի համար շատ ավելի դժվար կլինի կազմակերպել, քան Վլադիմիր Պուտինին: Եթե Պուտինը, հեռանալով նախագահի պաշտոնից, զբաղեցրեց վարչապետի պաշտոնը, իշխող կուսակցության առաջնորդն էր, և Մեդվեդևի նախագահության բոլոր տարիներին ռուս և միջազգային հանրության կողմից ճանաչվել է որպես Ռուսաստանի ոչ պաշտոնական տիրակալ, ապա Հայաստանի դեպքում դա այդպես չէ: Քոչարյանի հեռանալը ուղեկցվեց իշխանության ու ընդդիմության արյունալի բախումներով, որոնց արդյունքում 2008թ. մարտի 1-ին 10 մարդ զոհվեց, որի համար պատասխանատվությունն ընդդիմությունը բարդում է հենց Ռոբերտ Քոչարյանի վրա, որն այդ օրերին դեռ կատարում էր ՀՀ նախագահի պարտականությունները: Հենց 2008թ. մարտի 1-ով են շատ փորձագետներ բացատրում այն, որ Քոչարյանին չհաջողվեց ռուսական սցենարն իրագործել ու դառնալ վարչապետ:

Ի դեպ նախագահ Սերժ Սարգսյանը, որի դիրքերն իշխանությունում շատ ավելի ամուր են, քան Ռուսաստանում Մեդվեդևի դիրքերը, չցանկացավ թիկունքում ունենալ նման հզոր վարչապետի, ինչպիսին Քոչարյանը կլիներ: Նրան այդ հարցում հավանաբար սատարեց իշխանական վերնախավը, որը, ինչպես նշել է ընդդիմության ներկայացուցիչներից մեկը՝ Պետրոս Մակեյանը, «չի ցանկանում երկու տիրոջ ծառա դառնալ»:

Քոչարյանի վերադառնալու մասին խոսակցությունների ակտիվացումից հետո երկրում իշխող ՀՀԿ-ն արդեն հայտարարել է, որ ընտրություններում սատարելու է իր առաջնորդ, երկրի գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Ըստ կոալիցիոն հուշագրի, այդ հարցում ՀՀԿ-ին պարտավորվել են սատարել ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը: Եթե ՕԵԿ-ի դեպքում Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն կարող են քիչ թե շատ հանգիստ լինել, ապա ԲՀԿ-ի դեպքում իրավիճակն այնքան էլ միանշանակ չէ: Հիշեքն միայն, որ ԲՀԿ-ն իր կազմավորման պահից ի վեր համարվում էր Քոչարյանի կուսակցությունը, ընդ որում կուսակցությունը կոալիցիոն հուշագիրը ստորագրեց գործող նախագահի ու ՀՀԿ ճնշման ներքո: Եվ դեռ հայտնի չէ, թե Քոչարյանի վերադարձի դեպքում ԲՀԿ-ն արդյոք դուրս չի գա կոալիցիայից և չի սատարի նրա թեկնածությանը: Չէ որ, ինչպես նշել է ՀՀԿ-ից խորհրդարանական երկարակյացներից մեկը՝ Ռաֆիկ Պետրոսյանը, եթե իշխող կոալիցիան պահպանվի, Քոչարյանը չի կարողանա առաջադրվել նախագահի պաշտոնում: Նա նաև հավելել է, որ կոալիցիայի պահպանման դեպքում հազիվ թե նրա թեկնածությանը սատարի ՀՅԴ-ն, թեև հայտնի է, որ համակրում է երկրորդ նախագահին:

Քոչարյանի վերադարձին միանշանակ դեմ կլինի Հայաստանի գլխավոր ընդդիմադիր ուժը՝ ՀԱԿ-ը, չէ որ բոլորին է հայտնի, որ Կոնգրեսի նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջև թշնամանք կա:

Սակայն, նշենք, որ եթե Քոչարյանը որոշի վերադառնալ, նախագահ դառնալու շանսեր նա ունի, և բավականին, մեծ շանսեր: Միանգամայն հավանական է, որ նրան կարող են սատարել ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, ինչպես նաև ՀՀԿ ու խոշոր բիզնեսի որոշ ականավոր ներկայացուցիչներ: Իր ֆինանսական ու տեղեկատվական ռեսուրսներով Քոչարյանը քիչ է զիջում գործող նախագահին, նրան կողմ կլինի նաև Սփյուռքը, որը միշտ համակրել է Քոչարյանին Թուրքիայի հանդեպ ու Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում իր կոշտ դիրքորոշման համար: Իսկ Սերժ Սարգսյանը մինչ օրս չի կարողացել կարգավորել հարաբերությունները Սփյուռքի հետ, որը վրդովված է հայ-թուրքական արձանագրություններով:

Քոչարյանի օգտին է այն, որ Տեր-Պետրոսյանի ու Սերժ Սարգսյանի նախագահության համեմատ, նրա օրոք երկրի ու բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը ավելի բարվոք էր: Թեև, անշուշտ, դա պայմանավորված էր նաև համաշխարհային տնտեսության ընդհանուր աճով և այն հանգամանքով, որ այդ տարիներին համաշխարհային տնտեսական ճգնաժամ չկար: Սակայն, շարքային քաղաքացուն չի հետաքրքրում, թե ճգնաժամը խանգարեց, կամ որ Քոչարյանի նախագահության օրոք կարելի էր ավելի արդյունավետ օգտագործել տնտեսական աճի արդյունքները՝ նրան հետաքրքրում է միայն սեփական կյանքի մակարդակը, որը Քոչարյանի ժամանակ այնուամենայնիվ ավելի բարձր էր:

Նախագահական աթոռի համար պայքարում կարող է իր դերն ունենալ նաև Կրեմլի աջակցությունը՝ հավանաբար, զուր չէ, որ շատերը հիշատակում են Վլադիմիր Պուտինի ու Ռոբերտ Քոչարյանի սերտ հարաբերությունները:

Հայկ Խալաթյան / PanARMENIAN News